«Դուք անգամ մեր միջնորդությունը քննարկելու կարիք չունեիք, դուք արդեն պետք է դադարեցրած լինեիք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հիմա քննարկում եք հարց, թե նիստը հետաձգեք մինչև երեքշաբթի օրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք արդեն հացագործության եք մոտենում»․ այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստին, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Չեմ ուզում դատարանը վիրավորած լինել, դուք հիմա փաստորեն մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որը ուրբաթ օրվանից այլևս գոյություն չունի: Դուք լուրջ պատրաստվում եք դա անե՞լ, դուք դա դատախազների հետ համաձայնացրե՞լ եք արդեն: Դուք արդեն նախապատրաստե՞լ եք սցենար, որ այդպես եք անելու, դուք պատրաստվում եք մինչև երեքշաբթի քրեական հետապնդումը շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխել: Ու դուք պատկերացնում եք, որ դրա տակից կարող եք դուրս գա՞լ, կամ նրանք, ովքեր ձեզ այդ հրահանգը տվել են»,-ասաց պաշտպանը:
Նախագահող դատավորը ընդհատեց պաշտպանի ելույթը, նրա դիտարկմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Նշենք, որ իր ելույթը ընթացքում Հայկ Ալումյանը հիշեցրել էր, որ մարտի 26-ի որոշման հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանի էլեկտրոնային հասցեին են ուղարկել միջնորդություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատամբ քրեական հետապնդումը դադարեցվի, քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոխվի և դատարանը պարտավորեցնի քրեկան հետապնդում իրականացնող մարմիներին գրավոր ներողություն հայցել Ռոբերտ Քոչարյանից:



