2021 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների, ժողովրդի լեզվով ասած՝ քաղաքապետի ընտրություններ:Թեև, այդ ընտրությունների վերջնարդյունքն է հանգեցնելու քաղաքապետ ընտրելուն, բայց հանրային ընկալումն այդպիսին է:
Գյումրիում անցկացվող այս ընտրությունների քարոզչությունը,թերևս,պատմականորեն ամենապասիվն է: Սկսած 1999 թվականից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում ընթացել են հայտնի անձանց ու տոհմերի, վարկաբեկված և հեղինակություն վայելող, իշխանական, ընդդիմադիր և փսեվդո ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնկացությամբ: Պետք է արձանագրել, որ դրանցում կար, թեև, վիճարկելի,բայց հասկանալի, ընկալելի անելիքի և ասելիքի ստույգություն:Մինչդեռ այսօրվա՝ գաղափարական բոբիկությամբ քարոզարշավ, դեռ չէր արձանագրվել: Տպավորություն է, որ քաղաքի մի շարք երիտասարդական իրենց փորձառու համարող թիմերը, որոնք բավականին ինքնավստահ են, սեփական անձի նկատմամբ ունեն նախանձելի սիրահարվածություն, փորձում են նետվել քաղաքական դաշտ: Իսկ քաղաքապետ դառնալը նրանց համար համի փոփոխության պես մի բան է:
Մեկը մյուսից ավելի հնչեղ գյումրիական անվանումներով դաշինքները գյումրեցի ընտրողին ակնհայտորեն չկարողացան «նստեցնել գաղափարական ասեղի վրա»:
Թող ներվի ասելու, բայց այսօր ներկայացված թեկնածուներից ու նրանց թիմակիցներից ընդամենը մեկ-երկուսը կկարողանան պատասխանել տարրական հարցերի՝ օրինակ, քանի՞ փողոց կա Գյումրիում, կամ՝ քանի՞ հեկտար տարածք է զբաղեցնում քաղաքը: Դա նվազագույն իմացություն է, տարրական գիտելիք, որին պետք է տիրապետի քաղաքապետի պաշտոնին հավակնող անձը:Բայց սա, թվում թէ, թե կարևոր չէ: Կարևորը՝ նկարվելն է,ցուցադրվելը, «մենք էլ տղա ենք», «եթե թեկնածությունս դնեմ, կկրեմ» բանաձևերով քաղաքական օրակարգի մեջ ներմուծվելը:
Իմ գնահատմամբ, այս թույլիկ ու բոբիկ քարոզարշավը քաղաքական ընդհանուր խառնարանում նման է իրար մեջ, ոչ թե քաղաքի զարգացման բազմապրոֆիլ ծրագրերի մրցակցության: Ծրագրերի մրցակցությունը, փաստորեն , չկայացավ. տրանսպորտի, թափառող շների վնասազերծման, աղբահանության ու էլի մի քանի առանցքային, տրիվիալ խնդիրների վրա շեշտադրումները երկրորդվում են բոլորի մոտ:
Ընդդիմությունը բաց դարպասներ տվեց իշխանությանը
Հանրապետության մի քանի քաղաքներում, այդ թվում ՝ երկրորդ քաղաք Գյումրիում, ՏԻՄ ընտրություններին ընդդիմության հավաքական և միասնական դիրքորոշումը ապշեցնող էր: Որոշվեց չմասնակցել ընտրական գործընթացին: Այդպիսի միակամ հրաժարումը ենթադրել է տալիս, որ կամ ընդդիմության առաջատար կուսակցությունները վստահ չէին իրենց ուժերին եւ չգնացին «գիտակցված մահվան»: Կամ՝ իշխանության հետ ունեին կուլիսային պայմանավորվածություն՝ չմասնակցել ՏԻՄ ընտրություններին և քաղաքական պրոֆիտներ՝ շահույթ ապահովել այլ գործընթացներից:
Մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին ակնկալվում էր պառլամենտական երկրորդ ուժի մասնակցությունը:Կարծիք է ձևավորվել, որ «Հայաստան» դաշինքի ինքնամեկուսացումը և քաղաքական աուտսայդերությունը ազգից նեղացած լինելու մասին է վկայում՝ ԱԺ ընտրություններից հետո:
Այս ենթադրությունները կարող են ստույգ լինել, քանզի ինչքան էլ ՏԻՄ ընտրությունները լոկալ նշանակություն ունենան, քաղաքական դաշտում դրանք գծագրում են նոր երկաչափություն, հանդիսանում են քաղաքական նոր «բաստիոններ»: Ի վերջո, ցանկացած ընտրություն քաղաքական զգոնության մեջ է պահում թիմերը:
Ընդդիմության համար պետք է թանկ լինեն իրեն ձայն տված ցանկացած քաղաքացին և նրա վստահությունը: Հայաստանի բնակչության այսօրվա ծայրահեղ բիֆուրկացիան՝ երկփեղկվածությունը,չի նպաստում լայն ընդդիմադիր զանգվածներ ձևավորելուն: Ուստի,ընտրություններն են այն միջոցն ու գործիքը, որոնք չեն «ժանգոտում» ընտրազանգվածը:
Իսկ Գյումրիի՝ հանրապետության երկրորդ քաղաքի պարագայում, ՏԻՄ ընտրություններն ընդդիմության համար պետք է հատուկ նշանակություն ունենային՝ քաղաքական խորը էշելոնացման՝դիրքավորման, առումով:
Փաստորեն, ընդդիմությունն ինքնակամ լքեց ՏԻՄ ընտրությունների դաշտը՝ այն հոժարելով իշխանությանը և իշխանամերձ,ինչպես ընդունված է ասել, մի քանի սփոյլեր դաշինքներին: Ակնհայտ է, որ դրանք ընտրողի մասնակցությունը «չորացնելու» միտում ունեն:
Ինչ ունենք Գյումրիում այժմ. իշխանական, իշխանության հետ նույնացվող, իշխանության առաջին դեմքին ծառայած անձանց մարտավարական բաժանման ենթարկված միավորումներ, ինչպես նաև թույլ, գաղափարական սնանկություն, քաղաքական երերուն քայլեր անող, բայց մեծ հավակնություններ ունեցող ընդդիմական խմբեր:
Քաղաքական հոտառությունը հուշում է, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններն արձանագրելու են ցածր մասնակցություն:Չկողմնորոշված, ինչպես նաև ապատիկ ընտրողների թիվը լինելու է զգալի:Պետք է նշել նաև, որ սա ոչ միայն պայմանավորված է Շիրակի ներկայիս մարզպետի, ինչպես ասում են գյումրեցիները, «նշանակված- պրծած է» լինելով, այլև նրանով, որ մյուս բոլոր ուժերը անհավես քարոզարշավ են վարում, չեն կիրառում քաղաքական PR-ի այն գործիքակազմը, որով կարող էին ուղղակի քաղաքացուց ընտրող «սարքել»:Իսկ սա նշանակում է՝ չկա ծանրակշիռ պայքար իշխանական թեկնածուին հաղթելու հարցում:Ընդդիմադիր ներկայացող խմբերի պարագայում այս մոտեցումը զարմանալի և մտորելու տեղիք տվող է:
ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի բաց «օկուպացիան»
Քաղաքական այս անդարպասապահ դաշտում, մեծ քայլերով դիրքավորվեց դրսում՝ կապիտուլյանտ, ներսում օկուպանտ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, որը դրսում չի կարող ոչ մի հայանպաստ քայլ ու նախաձեռնությունը առաջ մղել, որը ծառայում է թշնամու նպատակների իրականացմանը, չի ամաչում թշնական անվանումներով կոչել հայկական բնակավայրերը, ծաղրվում է մեր թշնամի երկրի ղեկավարի կողմից, անարգել դասավորվում է Հայաստանի համայնքներում:
2021 թվականի հոկտեմբերի 12-ին, նա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Շիրակի մարզպետարանի երկարամյա պաշտոնավարող անձանցից մեկին՝ Ալբերտ Մարգարյանին: Այդ նշանակումը ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածն իրականացրեց տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ:Սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետի աթոռը դե-ֆակտո թափուր էր արդեն մի ամսից ավելի. քաղաքապետի լիազորություններն իրականացնում էր Գյումրիի փոխքաղապետը:
Նիկոլ Փաշինյանի Գյումրու օկուպացիան զարմացրել էր Գյումրու քաղաքապետարանի ներակայիս ղեկավարությանը: Դա տեսանելի էր անգամ հեռուստատեսային կադրերում: Ֆորմալ առումով, պահպանելով օրենքը, Նիկոլ Փաշինյանն, իր քաղաքական նոքդաունը հասցրեց ոչ միայն Գյումրիի քաղաքապետրանի ոսկրացած և վերարտադրության մեծ հույսեր ունեցող աշխատակազմին, այլև գյումրեցիներին:
Ինչպես գրեց հայաստանյան մամուլը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Շիրակի դեռևս մարզպետ աշխատող Հովհաննես Հարությունյանի հետ սանիկական կապերով է հանգուցված:
Սա նշանակում է, որ Շիրակի մարզպետը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում տրանսֆեր լինելու դեպքում,պինդ տեղավերելու է իր սանիկ Ալբերտ Մարգարյանին: Գյումրու քաղաքապետարանում նա կարող է զբաղեցնել առաջատար պաշտոններից մեկը: Ալբերտ Մարգարյանը, լինելով Շիրակի մարզպետարանի «հին» աշխատողներից, շահեկանորեն կտեղավորվի Գյումրիի քաղաքապետարանում:
Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը, չդավաճանելով իր քաղաքական սպեկուլյատիվ կերպարին, չի մերժում խնամի-ծանոթ-բարեկամ շղթան,թքելով ժողովրդին դեմքին, նա, այսպիսով, օկուպացնում է «դիրքային» համայնքները «իր քայլականներով»: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը վերակենդանացնում է ՀՀՇ-ի հայտնի՝պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի սկզբունքը:«Մենք ենք այժմ ասողը»՝ սա է դարձել նիկոլականների մոտիվացիան:
Գյումրիի քաղաքապետի աթոռին հավակնող,Փաշինյանի քաղաքական մսուրում տեղ գտած, մի կառույցից մյուս կառույց թռչող քյարամյանանման «միջուկ» թեկնածուն արդեն իսկ պաշտոններ է բաժանում իր թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին, ինչպես ասում են, «իր ապջաններին»: Այդ մասին ևս օրերս գրեց մամուլը:
Ողջամիտ կանխատեսում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիի ներքին օկուպացիան ծանր է նստելու հենց գյումրեցիների վրա: Հռոմեացի կեսարներից մեկն ասում էր՝ թող ատեն, բայց համաձայնվեն:
Դրսում կապիտուլյանտ որակավորվածը, իսկ ներսում օկուպացնողը այժմ էլ գյումրեցիներին է , կարծես , նետում դանդաղ ծամող ծնոտի տակ:
Լիլիթ Աղեկյան



