Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ հրապարակվել է Doing Business նոր զեկույց, որում Հայաստանը զիջել է իր դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ստանալու բացատրություն, թե որն է պատճառը։
Խաչատրյանն ասաց, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված այդ զեկույցի գնահատականները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, իր ցուցիչով դրական տեղաշարժ է գրանցել, բայց դիրքում ունի հետընթաց։
«Չնայած մենք ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել, բայց գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 երկրներ կան, որ ավելի մոտ են առաջին հորիզոնական զբաղեցնող երկրին», – ասաց նախարարը։
Խաչատրյանը հայտարարեց, որ Համաշխարհային բանկը փոխել է հաշվարկի մեթոդաբանությունը և ներառել է ցուցակված ընկերությունների քանակը։ Իսկ եթե նույն մեթոդաբանությունը կիրառվեր նաև նախորդ տարի, ապա Հայաստանը նույն հորիզոնականում կլիներ։
Փաշինյանն արձագանքեց, որ այդ դեպքում և առհասարակ պետք է ակտիվացնել բորսային առևտուրը։



