Դոգը «մահացել» է

44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը ցնցումների մեջ էր, հանրային դաշտ մխրճվեց մեկը, ով սոցցանցերում հայտնի դարձավ ոչ թե գաղափարներով, այլ սեռական ժարգոնով, հայհոյանքներով ու ցինիկ վիրավորանքներով։ Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, հազարավոր կիլոմետր հեռավորությունից, վիրտուալ հարթակներով լսարան էր հավաքում՝ խոստանալով, թե ինքն է լինելու հաջորդ իշխանությունը Հայաստանում։

Նա վստահեցնում էր, որ ունի գաղափարակիցների մեծ բանակ, բայց երբ նրա եթերում գերակշռում էր սեռաշեղված բառապաշարը, իսկ քաղաքական վերլուծության փոխարեն՝ անպարկեշտ մեկնաբանություններ, պարզ դարձավ, որ գաղափարական որևէ բան այստեղ չկա։ Ոմանք միամտորեն հավատում էին, որ այս «մարդը» կարող է իշխանություն ստանալ Հայաստանում։ Բայց իրականությունը արագ հարվածեց նրան։

Մի քանի ամիս առաջ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց ԱՄՆ-ում՝ մանկապղծության և միգրացիոն օրենքների խախտման մեղադրանքով։ Այսօր նա գտնվում է բանտում։ Սկզբնական շրջանում մի քանի ցածր մասնակցությամբ բողոքի ակցիաներ եղան, բայց նույնիսկ ամենահավատացյալ «դոգիստները» շուտով նրան մոռացան։ Նրան ոչ միայն մոռացան, այլև նրա բացակայությունը որևէ կերպ չազդեց երկրի քաղաքական դինամիկայի վրա։ Ղուկասյանը քաղաքականապես մահացել է՝ առանց անգամ իրական քաղաքական կյանք մտնելու։

Նա, իհարկե, կարող է վերադառնալ՝ պայմանական ազատության շրջանակներում, բայց ոչ երբեք որպես քաղաքական կամ հանրային լուրջ դերակատար։ Ակնհայտ է, որ նա այլևս «խոսելու է այն, ինչ կասեն իրեն»՝ ոչ թե հայ հանրության պահանջով, այլ ամերիկյան հատուկ ծառայությունների թելադրանքով։

Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, թե որքան վտանգավոր կարող են լինել մեդիա մանիպուլյացիաներն ու կեղծ հեղինակությունները պատերազմի և ճգնաժամի ժամանակաշրջանում։ Իսկ մեզ մնում է ոչ թե հիասթափվել, այլ գիտակցել՝ հասարակությունը պետք է չափի իր առաջնորդներին ոչ թե հայհոյանքի ուժով, այլ գաղափարի արժեքով։