Դոգը իրեն հավատացողների ձայնը վաճառելու գործո...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնքան աղետաբեր է, և այնքան մեծ ատելություն կա նրա նկատմամբ, որ հասարակության ինչ-որ շերտեր վերջին շրջանում հույս էին կապել բարոյական որևէ արժեք չունեցող Դոգի հետ։ Սա Փաշինյանի իշխանության համար ամենահայհոյախառը գնահատականն է, որ կարող էր լինել։ Մարդկանց ինչ-որ շրջանակներ, ոչ մի բանի մասնագետ, ուրիշ գործիչների կեղտոտ սպիտակեղենը հոտոտող, հաճախ իր սեքսուալ խեղված ֆանտազիաներին հարիր պատմություններ հորինողին՝ Դոգին, առավել ընդունելի են համարում, քան Նիկոլ Փաշինյանին։ Սա միայն բավական էր, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մի բուռ հող ուտեին։ Բայց նրանք ոչ միայն մի բուռ հող չկերան, այլ Դոգի հետ գործարքի շնորհիվ Տիգրան Ավինյանին դարձրեցին Երևանի քաղաքապետ։

Դոգի ու Նիկոլ Փաշինյանի փոխադարձ հետաքրքրությունները մի կողմ թողնենք ու գանք Դոգին հավատացող մեր քաղաքացիներին։ Այս քաղաքացիները հավատում են մի մարդու, որը բարոյական ոչ մի արժեք չի ճանաչում։ Իսկ նման մարդը չի կարող հետաքրքրված լինել պետության շահով կամ քաղաքացիների խնդիրներով։ Այդ դեպքում ի՞նչն է ստիպում Դոգին հայհոյել մարդկանց, մտնել նրանց ընտանիքներ, կեղծ լուրեր տարածել։ Իհարկե՝ փողը։ Այդ մարդը իր հավատացողների թվաքանակը մոնետիզացնում է, կամ ժողովրդի խոսքով ասած՝ փող է աշխատում։ Մինչ այս պահը նկատենք, որ վատ փող չի աշխատել (անօրինական միգրանտ լինելով՝ կարողացել է մի քանի միլիոն դոլարանոց տուն գնել ԱՄՆ-ում) և դժվարությունների ու խնդիրների ծանրության տակ խեղճացած քաղաքացիների դժգոհության ձայնը կարողացել է իր համար լավ կյանք ապահովելու միջոց դարձնել։

Դոգը թքած ունի իր ստերին հավատացող քաղաքացիների վրա։ Իր համար այդ մարդիկ փող աշխատելու միջոց են։ Դոգը լավ է հասկանում, որ նա որևէ պարագայում իշխանության գալու շանս չի ունեցել։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ է աղաչում ԱՄՆ իշխանություններին, որպեսզի չհայտնվի Հայաստանում։ Ինչպե՞ս կարող է մարդ ցանկանալ իշխանության գալ և միևնույն ժամանակ սարսափել Հայաստան վերադառնալու մտքից։ Դոգի համար 2026 թվականի ընտրությունները լուրջ փող աշխատելու վերջին հնարավորություն է։ Եթե, իհարկե, նա կարողանա հայտնվել ազատության մեջ, ինքը փորձելու է հնարավորինս շատ քաղաքացիների մոլորեցնել, իսկ վերջում բոլոր այդ ձայները բիրիքով ծախել Նիկոլ Փաշինյանի վրա։ Եթե նրան հավատացող քաղաքացիների կյանքի ամբողջ նպատակը այն է, որ իրենց ձայները վաճառելով ինչ-որ մեկը ԱՄՆ-ում ապահով կյանքով ապրի մինչև կյանքի վերջ, ապա Դոգը ամենաճիշտ ընտրությունն է։