Դոգին մեղադրում են մանկապղծության մեջ․ ինչ են...

Օրերս ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր, որ Վարդան Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ։

«Կարծում եմ՝ արդարությունն անպայման կհաղթի, քանի որ ՀՀ դատախազության կողմից Ղուկասյանի վերաբերյալ ուղարկված հերյուրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Այս ստահակները բոլոր արարքների համար պատասխան են տալու։ Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ։ Այնքան հիմար են, որ չեն հասկանում՝ ԱՄՆ-ից Հայաստան ի՞նչ մանկապղծություն կարող էր լինել», — ասել է նա։

Հայհոյանքներով հայտնի այս անձի ստեղծած կուսակցության ղեկավարի հայտարարությունը անհասկանալի և կասկածելի է։ Կասկածներն ավելացան հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այս մարդիկ Դոգ մականունով անձի դատավարության վերաբերյալ իրենց բազմաթիվ հայտարարություններում տարածել են կեղծիքներ՝ լավ իմանալով իրականությունը։

Օրինակ՝ սկզբում պնդում էին, թե Դոգը հիվանդանոցում է։ Սակայն երբ ձերբակալման լուրը հնարավոր չեղավ թաքցնել, ստիպված եղան խոստովանել ճշմարտությունը։ Հետագայում հայտարարեցին, թե մի քանի օրից նա ազատության մեջ կհայտնվի, բայց արդեն մի քանի ամիս է՝ նա գտնվում է բանտում։ Նրանք վստահեցնում էին, թե նրա դեմ միայն միգրացիոն գործով է դատաքննություն ընթանում, սակայն պարզվեց՝ կան նաև քրեական մեղադրանքներ։

Օրերս էլ հայտարարեցին, թե հունիսի 4-ին դատավարություն է լինելու։ Սակայն երբ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը պարզեց, որ դատավարությունը իրականում նշանակված է հուլիսի 2-ին, նրանք ստիպված եղան խոստովանել նաև դա։

Այժմ հայտարարում են, թե նրան մեղադրում են մանկապղծության մեջ, բայց միաժամանակ պնդում, թե ԱՄՆ-ից Հայաստան հնարավոր չէր մանկապղծություն իրականացնել։ Սակայն առնվազն մի քանի դրվագով կեղծիք տարածած մարդկանց խոսքին պետք է կասկածով մոտենալ։ Հատկապես, երբ պետք է գիտակցել՝ մանկապղծությունը միայն սեռական հարաբերությունները չեն։ Դոգը, կամ ցանկացած այլ անձ, կարող էր մանկապղծությամբ զբաղվել նաև հեռակապի միջոցով՝ երեխաների հետ վարելով անթույլատրելի թեմաների շուրջ զրույցներ։

Այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ ինչ փաստերի հիման վրա է առաջադրվել մեղադրանքը, սակայն ակնհայտ է՝ Դոգի կուսակիցները ինչ-որ բան թաքցնում են։