Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։
Ինչպես տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունը, հանդիպմանը Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում:
Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ու հիմնական խոչընդոտները։
Դիմիտրիս Կերիդիսն, իր հերթին, ընդգծել է բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների արդյունավետ գործակցությունը: Նա նաև իր աներկբա զորակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին, ընդգծել իր կապերը հունահայ համայնքի հետ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ կապերի զարգացմանը: