Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանի ազատման վերաբերյալ պարզաբանման դիմում է ներկայացրել.
«Առավոտյան մամուլից տեղեկացա, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին։ Պաշտոնական գրությամբ դիմել եմ տիկին Ղարիբյանին՝ պարզաբանելու Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։
Ի՞նչ ենթատեքստ ունի այս որոշումը»։
Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանի պարզաբանմամբ` Կոնստանտին Օրբելյանը Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:
Աննա Կոստանյանը, ով իր դիմումը ներկայացրել էր նախքան Մշնախի պարզաբանումը, Politik.am-ին ասաց` հարցն այն է, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական հաստիք է: Պետք է օրենքն ուսումնասիրել և պարզաբանում մտցնել:



