
Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ փոխկապակցված անձի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, 2024-ի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ և այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին:
Վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ, այսինքն մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել են, արդեն իսկ վերջնականորեն վերադարձվել է համայնքին, այնպես որ համայնքը և մենք կարող ենք մտածել նաև այդ մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին»,.-ասաց վարչապետը: