Դիանա Գալոյանը դիմում է ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ...

Ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դիանա Գալոյանը, ում ՀՊՏՀ ուսանողները մեղադրում են արտագրության մեջ։

«Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը ցավոք որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»: Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված:

Հայցում եմ նաև 008 մասնագիտական խորհրդի և ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար, տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա և վնասում են բուհում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»,- գրել է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ն։