
Ոչ ոք Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տվել, որոնք համեմատելի են ռուս-հայկական հարաբերություններում եղածի հետ։ Այս մասին 24NEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով, ամեն դեպքում, ինքը տեղյակ չէ այս մասին վկայող փաստաթղթերից կամ հայտարարություններից։ Դեսպանը հավելեց, որ անվտանգության ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հիմնական բաղադրիչները նույնն են՝ կա բազա, կան սահմանապահներ՝ իրենց ներկայության որոշակի դինամիկայով, նրանք շարունակում են ծառայել սահմանին։ «Որքան ես հասկանում եմ, սա բարձր է գնահատվում Հայաստանի ղեկավարության կողմից»,- նշել է դեսպանը։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը. «Մենք համոզված ենք մեր դիրքորոշման ճշտության մեջ, այդ թվում՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փորձի հիման վրա, բայց դա Հայաստանի որոշումն է»։
Պատասխանելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ այդ թեման օրակարգային է։ Նրա խոսքով, այս ոլորտում շատ մեծ տեղեկատվություն է կուտակվել։ Ռուսական կողմում կա քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու այն, ինչ կա։ Հարցերը քննարկվում են, լուծումներ են որոնվում, եզրափակել է դեսպանը։