
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեին։
Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին»,-ասված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։