Դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ քյաբաբ, տելեվիզր, է...

Վերջերս տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի և իրավապահ տարբեր մարմինների կողմից բացահայտվում են ընտրակեղծարարության կամ մարդկանց նյութապես շահագրգռելու, բարեգործության կանոնները խախտելու տարբեր դրվագներ, և դրանց ծավալները ըստ էության բավականին մեծ են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում ԿԸՀ հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ասաց. «Օրենսդրական ի՞նչ կարգավորում կա այն իմաստով, որ ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս գործողությունները, ի՞նչ պետք է տեղի ունենա, դեռ ինչքան պետք է մարդիկ շարունակեն քյաբաբ բաժանել, տելեվիզոր բաժանել, էպիլյատոր բաժանել, տարբեր ծառայությունների դիմաց մարդկանց շահագրգռեն, որ իրենց ընտրեն, որ տվյալ քաղաքական ուժը, օրինակ, չգրանցվի։ Որովհետև, ըստ էության, սա քաղաքական գործունեության մասին չի, սա բոլորովին այլ գործունեության մասին է։ Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է տեղի ունենա և ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս խախտումները, որպեսզի այս ուժերը չգրանցվեն, որովհետև կա նաև մի երևույթ, որ ընտրություններից հետո էլի բացահայտվեն մի շարք իրավիճակներ, օրինակ Վաղարշապատում, բայց մենք արդեն ընտրությունն անցել ենք և հիմա հետին թվով չենք էլ կարող ասել, թե այս գործողությունները ինչպես են ազդել ընտրության արդյունքների վրա»։

Ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաց. «Ընտրություններից դուրս կուսակցության գործունեությունը, որքան էլ տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտնվեն իրավապահների տիրույթում, քանի դեռ քաղաքական ուժի գրանցումը կասեցված չէ, այսինքն, որպես կուսակցություն գործում է, ոչ միայն ԿԸՀ-ն, այլ նաև ՏԻՄ ընտրություններում ընտրատարածքային հանձնաժողովը, իրավունք չունեն չգրանցել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցության կողմից ներկայացվում են։

Այլ բան է, որ ընտրությունների քարոզարշավի արդեն փուլում, եթե կուսակցությունը համակարգային ընտրախախտումներ թույլ կտա, ընտրական օրենսգիրքը այդ իրավունքը տալիս է, որպեսզի ԱԺ դեպքում ԿԸՀ–ն, իսկ ՏԻՄ ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմի դատարան։ Բայց ես կարող եմ ասել, որ մեր օրենսդրությունը, ընտրական օրենսգիրքը կուսակցությունների պաշտպանության տեսանկյունից շատ լիբերալ է, որպեսզի մասնակից կուսակցությունը հնարավորինս պաշտպանված լինի, որպեսզի քաղաքական ուժին ընտրապայքարից դուրս թողնելը լինի շատ դժվար։ Եվ սա, կարծում եմ՝ ճիշտ է։

Եթե իրավապահ համակարգը, դատական համակարգը, ընտրական համակարգը, բոլորը իրենց գործը լավ կատարեն, համոզված եղեք, որ ընտրությունների արդյունքները կարտացոլեն քաղաքացու կամքը»։

Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում. «համակարգային ընտրախախտում». «Փաստորեն ստացվում է, որ ժողովրդավարության ընձեռած գործիքներից հիմա որոշ շրջաններ օգտվում են, և ես կարծում եմ այստեղ մենք օրենսդրությանը պետք է անդրադառնանք, որովհետև ժողովրդավարությունը նաև պաշտպանության կարիք ունի»։

ԿԸՀ նախագահն էլ արձագանքեց, որ այս դեպքում փաստերը, կապը, հաջորդականությունը պետք է լինեն ակնառու. «Կուսակցությունները պետրեգիստրում գրանցված են, գրանցումից հետո իրենց գործունեության վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով հստակ նախատեսված է, թե որ դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել։ Եթե մենք գործ ունենք գրանցված, այսինքն որևէ սահմանափակման ներքո չգտնվող կուսակցության հետ, իր իրավունքները մենք հարգելու ենք, երբ որ ինքը դուրս կգա օրենքի շրջանակներից, կգործի օրենքը»,–ասաց Հովակիմյանը։