Դավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգա...

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։

 ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «NVIDIA» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։