Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին Միհրան Պողոսյանի կալանավորմամբ, ինչին նա պատասխանեց.«Մեր համագործակցության արդյունքում Ռուսաստանի դատախազության միջնորդությունը դատարանը բավարարել է, Պողոսյանը կալանավորվել է էքստրադիացիայի հարցը քննարկելու նպատակով»:
Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու դրա քննության ընթացքին անդրադառնալով՝ գլխավոր դատախազն ասաց.«Քրեական գործով ընթանալու է բազմակողմանի հետաքննություն, ոչ ոք մի վայրկյան թող չկասկածի, գործով հավաքված փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար, դա ի հետ բերեց նաև Դավիթ Սանասարյանի համար դատավարական կարգավիճակ, դրանից խող իրավունքների շրջանակ: Ամենակարևորը, պաշտպանության իրավունք ստացավ, այդ իրավունքով ներկայացնելու է իր փաստարկները»:
Դավթյանը նշեց, որ միջնորդությունը նոր են ստացել, որոշ տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն: Իսկ հարցին, թե արդյո՞ք գործը, կարող է «կարված լինել», պատասխանեց.«Հսկող դատախազը որ պահին նման ռիսկ տեսնի, ոչ մի պարագայում նախաքննության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»:



