Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհր...

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են  Ազգային ժողոի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը:

Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի եւ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցերը անդրադարձել են նաեւ առաջիկա ներքաղաքական կարեւոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում եւ հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի եւ անցնցում կազմակերպման կարեւորությունը: