ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ:
Դավիթ Առաքելյանը Ժնեւում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Անտերո Հաբիխտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ ստեղծված համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է նաեւ Կանադայի Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղար Էրիկ Յանսի հետ: Քննարկվել են աշխատակազմերի միջեւ խորացված հարաբերությունները: Ընդգծվել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի աջակցությունն աշխատակազմերի հարաբերությունների շարունակական զարգացման հարցում:
Տարեկան համաժողովի ընթացքում կայացել են Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահի, տեղակալի եւ գործադիր հանձնաժողովի անդամի ընտրությունները: