Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ նրա նախկին գործընկերների պաշտպանները ցանկանում են, որ Սանասարյանի գործը քննվի մյուսներից առանձին: Նրանք այսօր` հոկտեմբերի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատաքննության ժամանակ այդ պահանջով միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Բալայանին:
Պաշտպաններն իրենց միջնորդությունը հիմնավորեցին նրանով, որ դա թույլ կտա գործով անցնող` ՊՎԾ աշխատակիցներին օգտվել արագացված դատաքննության կարգից:
Գործով մեղադրողը առարկեց միջնորդությանը:
Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց պաշտպանների միջորդությունը` պատճառաբանելով, որ այն ժամանակավրեպ է:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։



