Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի...

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի բողոքը:

Այս մասին armtimes.com -ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այն մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին:

Բողոքով պաշտպանական կողմը պահանջում էր պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին՝ հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար:
Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում): Նրա մեղադրանքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացված լայնածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռեւս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձեւակերպելուն եւ դրա միջոցով ստանալուն։ Դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր եւ դրանց տալ նաեւ հաշվապահական ձևակերպում, ինչի հետեւանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրեւ տված փոխառության վերադարձ:

Այս հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը։