ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ՝ Պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի։
TK & Partners փաստաբանական ընկերությունն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: