Դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգ...

ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տեղեկություններով, 2022 թ. օգոստոսի 22-ին ժամը 15։40-ի սահմաններում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին, ինչը նկատել են նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր անմիջապես մոտեցել են, օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները: Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առերեսումներ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ և տեղեկություններ, պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանցից վեցի ինքնությունը, որոնց նկատմամբ, բավարար ապացույցների համակցությամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց հիշյալ վեց անձանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը, որոնցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: