Դատարանի բակում իրավիճակը լարված է. քաշքշոց է...

Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարված է. քաշքշոց է սկսվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Ոստիկաններն սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։

Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով  դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։

Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։ Աջակիցների մի մեծ խումբ էլ Երազի այգուց երթով ժամանել է դատարան։

Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։

Ապրիլի 15–ի նիստը հետաձգվել էր 2 օրով և կշարունակվի այսօր։