Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը ստանձնել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարելու պարտավորություն, որի պատշաճ կատարումը գնորդի կողմից ներկայացված հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով չի հաստատվել։
Սնանկության դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։
- Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «Սոլիդիուս» ՓԲ ընկերությունների՝ «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև «Սոլիդիուս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։
Այս հայցի հիմքում դրվել է պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները ընկերությունների կողմից պատշաճ կատարված չլինելու հանգամանքը։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։



