Դատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգա...

«Փաստինֆո»-ն գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը չի կողմնորոշվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ՝ իշխանականներին առնչվող գործերով առերևույթ հովանավորչության մասին վկայող հայտարարությանն ընթացք տալ-չտալու հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Աղազարյանի և Քյարամյանի մասնակցությամբ վեճ է եղել։ Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է Աղազարյանի հայտարարությանը՝ նշելով․ «Պարոն Աղազարյան, ինչպես կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ։ Ինչում է դժգոհությունը։ Երկրորդը՝ ռեպլիկի հետ կապված՝ այս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել․ եթե եղել է էդպիսին, ուրեմն արձագանքը հետագայում կզգացվի, ես դեռ շատ մեղմ արձագանք եմ բաց թողել։ Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են պարոն Աղազարյանի որդիների հետ կապված՝ քրեական գործերով մեքենաները վերադարձնելու հետ կապված։ Բա եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, ապա պատասխանեք այդ հարցին»։
Նշված հայտարարությամբ ՔԿ նախագահը փաստացի ակնարկեց, որ շատ բան գիտի, միևնույն ժամանակ, դա, ըստ էության, քննությանը միջամտելու գործընթացի մասին էր վկայում, ինչը նաեւ կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե առերևույթ կոռուպցիոն ռիսկեր, հովանավորչության մասին վկայող հայտարարությանն ընթացք տրվե՞լ է, քրեական վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ, սակայն կառույցից գրավոր հարցում են խնդրել՝ հարցին պատասխանելու համար։

Ընդ որում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա է եղել միջադեպին, լսել հայտարարությունը, սակայն իշխանությունների կողմից հովանավորչության հնարավոր դեպքի մասին վկայող հայտարարությունը կա՛մ չի նկատել, կա՛մ նկատել է, բայց չի կողմնորոշվում ինչպես վարվել։