Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր։
Մինչ այդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում ժամը 10։15-ի սահմաններում, որ Երևանի 103 շտապօգնության 05 բժիշկների խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանն է։
Պարզվել է նաև, որ ժամը 09:30-ի սահմաններում Տ. Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Է. Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Տ. Սարգսյանին:
Սայաթ-Նովա պողոտայում ոստիկանները հայտնաբերել են Է. Երվանդյանին և տեղափոխել ոստիկանություն, այնուհետև նրան ներկայացնրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։