ԴԱՀԿ աշխատողները ահաբեկում են Հայր Ռուբենին....

Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների կառավարումը կարգալույծ արված անձին փոխանցելու նպատակով դատական համակարգի օգտագործումը կամայականության աննախադեպ դրսևորում է, որը խարխլում է պետություն-եկեղեցի հարաբերությունների հիմքերը։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա մանրամասն պարզաբանել է Արման Սարոյանի շուրջ ստեղծված իրավական կոլապսը՝ ընդգծելով, որ պետական դատարանները սկզբունքորեն չեն կարող քննել կանոնական վեճեր, քանի որ Եկեղեցու ներքին ինքնակառավարումը պաշտպանված է ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով։

Հիշեցնենք, որ Արման Սարոյանը Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և կարգալույծ արվել՝ հակականոնական վարքագծի ու անհնազանդության պատճառով։ Չնայած դրան՝ Սարոյանը քաղաքացիական դատարանում վիճարկել է իր պաշտոնանկությունը, որը, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց, ժամանակավորապես արգելել է Եկեղեցուն խոչընդոտել թեմի առաջնորդի պաշտոնում նրա գործունեությանը և սահմանափակել է ֆինանսական հաշիվների մուտքը։

Զոհրաբյանը հատուկ անդրադարձ կատարեց հարցի ֆինանսական կողմին՝ նշելով, որ դատարանի կասկածելի որոշման հիման վրա և ԴԱՀԿ օժանդակությամբ Արման Սարոյանը կարողացել է մուտք գործել թեմի բանկային հաշիվներին։ Փաստաբանը հայտնել է, որ միայն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Սարոյանը եկեղեցական հաշիվներից արդեն կանխիկացրել է ավելի քան 15 միլիոն դրամ։ Զոհրաբյանն ընդգծել է, որ այդ միջոցները ծախսվում են անձնական նպատակների, խնջույքների կազմակերպման և միայն այն անձանց աշխատավարձերի վճարման համար, ովքեր հարել են Սարոյանին, մինչդեռ թեմական կառույցների պահպանման և Եկեղեցու իրական կարիքների ծախսերը շարունակում է հոգալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«ԴԱՀԿ-ն փաստացիորեն Սարոյանին օժտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությանը համադրելի լիազորություններով, ինչը լիազորությունների կոպտագույն չարաշահում է», - նշել է իրավաբանը։ Մանրամասն վերլուծելով Սարոյանի վարքագիծը՝ փաստաբանը մատնանշել է մի շարք ակնհայտ հակասություններ և մանիպուլյացիաներ։ ԴԱՀԿ-ին ներկայացված դիմումների տակ Սարոյանը ստորագրում է որպես քաղաքացիական անձ, սակայն նույն ժամանակահատվածում հանդես է գալիս որպես եպիսկոպոս և «տնօրինություններ» է արձակում՝ օգտագործելով այլ ստորագրությունը։

Զոհրաբյանը սա անվանել է «անձի երկվության» դրսևորում և համայնքի հոգևոր կյանքին միջամտելու փորձ՝ քողարկված ոստիկանական մեթոդներով և հոգևորականների հասցեին հնչող քրեական հետապնդման սպառնալիքներով։ Փաստաբանն անդրադարձել է նաև բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ ճնշումների թեմային՝ հիշեցնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ներկայացված անհեթեթ մեղադրանքների մասին։ Նրա խոսքով՝ քննությունը փորձում է սահմանափակել Կաթողիկոսի տեղաշարժը «փախուստի դիմելու ռիսկի» պատրվակով՝ հիմնվելով միայն այն փաստի վրա, որ Եկեղեցու առաջնորդն իր հոգևոր սպասավորության շրջանակներում հաճախ է մեկնում արտերկիր։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ այս իրավական ահաբեկչության հետևում կանգնած են քաղաքական շահեր, որոնք ուղղված են արտաքին ուժերի օգտին ազգային եկեղեցական ինստիտուտի թուլացմանը։ Նա զգուշացրել է, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները՝ դատավորներից մինչև քննիչներ, վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու «կարմիր գծերը» խախտելու համար։ «Եկեղեցին միշտ հաղթել է և կրկին կհաղթի, բայց նրա ոչնչացման փորձերի ամոթը կմնա կոնկրետ պաշտոնյաների ուսերին», - ընդգծել է Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս գործողությունները միջազգային դատական ատյաններում բողոքարկելու համար փաստաթղթերի փաթեթներն արդեն գտնվում են վերջնական պատրաստման փուլում։

Արա Զոհրաբյանը հանդես է եկել նաև լուրջ նախազգուշացմամբ՝ նշելով, որ Եկեղեցու նկատմամբ հանրային ճնշումների ներկայիս հարաբերական անդորրը միայն ժամանակավոր և մարտավարական բնույթ է կրում և պայմանավորված է ընտրություններով։ Նրա խոսքով՝ իշխանությունները գիտակցում են հավատացյալների գործերին միջամտելու պատճառով սեփական վարկանիշի անկումը, սակայն հունիսի 7-ից հետո պետք է սպասել իրավիճակի կտրուկ սրման։ Փաստաբանն ընդգծել է, որ եթե իշխող կուսակցությունն հաջողության հասնի ընտրություններում, դա կներկայացվի որպես «ժողովրդի մանդատ՝ Եկեղեցին կործանելու համար», ինչից հետո հոգևորականության և ազգային ինստիտուտների դեմ բռնաճնշումները կթևակոխեն բացահայտ և շատ ավելի կոշտ փուլ։