ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բաքվում մեկնարկած COP29 գագաթնաժողովում կոչ է արել բոլոր երկրներին կենտրոնանալ երեք առաջնահերթությունների վրա, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխությանը՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայական ճգնաժամի հետևանքներից մարդկության պաշտպանության և ֆինանսավորման: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Առաջինն արտանետումների հրատապ կրճատումն է գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակելու նպատակով, որի համար արտանետումներն անհրաժեշտ է կրճատել տարեկան 9 տոկոսով: Մինչև 2030 թվականը դրանք 2019 թվականի մակարդակի համեմատությամբ պետք է նվազեն 43 տոկոսով», - ասել է նա։
Երկրորդ, ընդգծում է գլխավոր քարտուղարը, անհրաժեշտ է ավելին անել մարդկությանը կլիմայական ճգնաժամի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար։
«Ադապտացման պահանջների և ֆինանսավորման միջև խզումը կարող է մինչև 2030 թվականը հասնել տարեկան 359 միլիարդ դոլարի: Այս պակասող դոլարները վերացական թվեր չեն հաշվեկշռում, դրանք կորցրած կյանքեր են, կորցրած բերք և բաց թողնված զարգացում», - նշել է նա:
«Զարգացած երկրները պետք է կարողանան մինչև 2025 թվականը ադապտացման ֆինանսավորումը կրկնապատկել՝ հասցնելով մինչև առնվազն 40 միլիարդ դոլարի: Հաշվի առնելով պարտավորություններն իրական փողի վերածելու անհրաժեշտությունը՝ երրորդ առաջնահերթությունը ֆինանսավորումն է», - ընդգծել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ կլիմայի ֆինանսավորումը բարեգործություն չէ, դա ներդրում է, իսկ կլիմայական գործողություններն ընտրություն չեն, այլ հրամայական։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է էներգիայի վերականգնվող աղբյուրներում ներդրումների կարևորությունը։
«Անցյալ տարի առաջին անգամ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում ներդրումների ծավալը գերազանցել է հանածո վառելիքի բնագավառում ներդրումներին: Գրեթե ամենուր արևային և հողմային էներգիան դառնում են նոր էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրները», - ասել է նա:
COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։