CNN. Ռուսական և ԱՄՆ պատվիրակությունները կարող...

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում այս շաբաթ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան ոչ միայն ուկրաինացի, այլև ռուս պաշտոնյաների հետ։ Թե կոնկրետ ովքեր են մասնակցելու բանակցություններին, չի նշվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում «տարբեր բանակցություններ» են տեղի ունենալու, և որ արդյունքում ինքը ակնկալում է «մեծ առաջընթաց» ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովն ասել էր, որ հույս ունի մարտի 11-ին Ջիդդաում Կիևի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկել հնարավոր զինադադարի և խաղաղության համաձայնագրի շրջանակը:

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը չի մասնակցի այդ հանդիպմանը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Վիտկոն։