Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ–ականների մասով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում կարճ մեկնաբանել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչող գործին։
Հարցին՝ ինչո՞ւ Աղազարյանին չեն զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, Սասուն Խաչատրյանը հարցը անպատասխան թողեց միայն նշելով. «Դուք ասում եք ինչ–որ տեղեկություններ, որոնց մասին դուք չեք կարող տեղեկություն ունենալ»։
Ավելի վաղ հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Առաջիկայում պարզ կդառնա, թե ի՞նչ գնահատական կտան Աղազարյանի ենթադրյալ արարքին իրավապահները և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազությունը:



