Չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբ...

«Սահմանների դեմարկացիան, դելիմիտացիան կարող է սկսվել այն ժամանակ, երբ կլինի համապատասխան երկու պետությունների կողմից կազմված հանձնաժողովներ։ Այս պահին չկա կազմված հանձնաժողով, և այսքանով Կադաստրի կոմիտեի գործառույթը սահմանափակվում է միայն ներքին արխիվներում եղած որոշ իմաստով գաղտնի, որոշ իմաստով բաց նյութերի ուսումնասիրությամբ»,- ԱԺ-ում «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարել է  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝, որը վերաբերում էր սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, քարտեզներին։ 

Նա նշել է, որ երբ որ կլինի համապատասխան հանձնաժողով, Կադաստրի կոմիտեն կանցնի իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների կատարմանը։ 

Ինչ վերաբերում է արխիվային նյութերին, նա փաստեց մեկ կարևոր հանգամանք՝ չկա այդպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ուսումնասիրվել, դրանց վերաբերյալ որևէ տեղակատվություն չի ներկայացվել համաատասխան իրավասու լիազոր մարմիններին։

«Այդ աշխատանքները ներկա դրությամբ էլ շարունակվում են, առկա են տարբեր ժամանակաշրջանների և տարեթվերի քարտեզներ, և Կադաստրի կոմիտեն չէ, որ պետք է իրավական հիմքերի մասին պետք է խոսի»,- ասաց Ս. Թովմասյանը։