Չինաստանը, Ռուսաստանը և Մոնղոլիան պետք է ամրա...

Ռուսաստանը, Չինաստանը և Մոնղոլիան պետք է ամրապնդեն փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում, որը տարածաշրջանի երկրների անվտանգության ապահովման հիմնական հարթակ է դարձել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և Մոնղոլիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ուխնաագիյն Խուրելսուխի հետ Պեկինում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:

«Որքան անկայուն և բարդ է դառնում միջազգային իրավիճակը, Չինաստանը, Ռուսաստանը և Մոնղոլիան այնքան ավելի ուժեղ պետք է ամրապնդեն միասնությունն ու համագործակցությունը, մեծացնեն փոխադարձ աջակցությունը, հարգեն միմյանց հիմնական շահերն ու լուրջ մտահոգությունները», - ասել է նա։

«Վերջին տարիներին մեր ընդհանուր ղեկավարության ներքո Չինաստանի, Ռուսաստանի և Մոնղոլիայի միջև եռակողմ համագործակցությունը կայունորեն զարգանում է, այն ռեալ պտուղներ է տվել», - հավելել է նա։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է ՉԺՀ-ի, ՌԴ-ի և Մոնղոլիայի միջև համագործակցության «ճանապարհային քարտեզի» հաջող իրականացումը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել եռակողմ առևտրաշրջանառության կայուն աճի վրա։

Նա նաև հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս ՉԺՀ-ի, Ռուսաստանի և Մոնղոլիայի մասնակցությամբ եռակողմ առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար նախագծերին։

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է «փոխշահավետ, իրավահավասար և բազմակողմանի հարաբերություններ զարգացնել և՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, և՛ Մոնղոլիայի հետ»։

«Մեր երեք երկրներն ընդհանուր շատ բաներ ունեն։ Մենք համակարծիք ենք քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերը համատեղ զարգացնելու հարցում», - ասել է Պուտինը։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և չինական կողմին հյուրընկալության ու եռակողմ ձևաչափով հանդիպման կազմակերպման համար։