
Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ, որոնք ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորում Սյանգանիի հետ կապված հարցերում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցել է «Սինհուան»։ Չինացի դիվանագետն այս հայտարարությունն արել է լրագրողների համար հերթական ճեպազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է Սյանգանի հատուկ վարչական շրջանի կենտրոնական կառավարական մարմինների մի քանի պաշտոնյաների եւ Սյանգանի վարչակազմի դեմ պատժամիջոցների մասին:Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Սյանգանի կենտրոնական կառավարման մարմինների եւ Սյանգանի վարչակազմի վեց պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ անօրինական միակողմանի պատժամիջոցները կոպիտ միջամտություն են Սյանգանի եւ Չինաստանի ներքին գործերին եւ խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը։ Չինաստանի արտաքին պատժամիջոցների վերահսկման օրենքի համաձայն՝ Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ կոնգրեսականների, պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ, որոնք ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորում Սյանգանի հետ կապված հարցերում, ասել է Գո Ցզյակունը։ «Մեր ուղերձը Միացյալ Նահանգներին այն է, որ Սյանգանը չինական է, եւ Սյանգանի գործերը չեն հանդուրժում ամերիկյան միջամտությունը»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը՝ զգուշացնելով, որ Սյանգանի հետ կապված հարցերում ԱՄՆի ցանկացած սխալ գործողություն կարժանանա Չինաստանի վճռական պատասխանին եւ հակաքայլերին։