Չինաստանը պահպանում է իր միջուկային զինանոցը...

Չինաստանն իր միջուկային զինանոցը պահպանում է այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ։

«Չինաստանը հաստատապես հանձնառու է խաղաղ զարգացման ուղուն և իր ազգային պաշտպանության քաղաքականության պաշտպանական բնույթին։ ՉԺՀ-ն միշտ պահպանում է իր միջուկային ուժերն այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար», -հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի՝ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին։

Ավելի վաղ G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարության մեջ մտահոգություն էին հայտնել Չինաստանի ռազմական կարողության և նրա միջուկային զինանոցի արագ ընդլայնման վերաբերյալ։ Նրանք կոչ էին արել Պեկինին ցույց տալ կայունության նկատմամբ իր հանձնառությունը՝ թափանցիկությունը բարձրացնելու միջոցով։