Չինաստանը կոչ է անում Ճապոնիային խորապես մտոր...

Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը իր խիստ բողոքն է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Չինաստանը կոչ է անում Ճապոնիային խորապես մտորել իր պատմական հանցագործությունների շուրջ, անհապաղ դադարեցնել Չինաստանի ներքին գործերին միջամտելը, դադարեցնել սադրիչ գործողությունները և զերծ մնալ կրակի հետ խաղալուց Թայվանի հարցում, քանի որ կրակի հետ խաղացողները կկործանվեն դրա մեջ», - նշել է Ցզյանը։

Նա շեշտել է, որ նման սխալ հայտարարություններն ու գործողությունները լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը, հակասում են Չինաստանի և Ճապոնիայի միջև կնքված չորս քաղաքական փաստաթղթերի ոգուն և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին, Դրանք Չինաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն են և մարտահրավեր են նետում Չինաստանի հիմնական շահերին և խախտում Չինաստանի ինքնիշխանությունը։

«Եթե Ճապոնիան համարձակվի ռազմական միջամտություն կատարել Թայվանի նեղուցում, դա կլինի ագրեսիայի ակտ, և Չինաստանը կձեռնարկի վճռական պատասխան հարված», - հավելել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խորհրդարանում հայտարարել էր, որ Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակումը կարող է ստեղծել իրավիճակ, որը կսպառնա Ճապոնիայի գոյատևմանը՝ թույլ տալով երկրին իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը:

Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր՝ ընդգծելով, որ Տակաիչիի դիտողությունները կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին: