Չինաստանը կաջակցի ազատ առևտրին և զարգացման հն...

Չինաստանը մտադիր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների հետ աջակցել ազատ առևտրին և ապահովել մատակարարումների անխափան շղթաները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մենք պետք է համատեղ պահպանենք բազմակողմ առևտրային համակարգը, կիրառենք իրական բազմակողմ մոտեցումը, ամրապնդենք բազմակողմ համակարգի հեղինակությունն ու արդյունավետությունը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առանցքային դերով։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով ապահովել արդյունաբերական և իրացման շղթաների կայունությունը և անխափան աշխատանքը», - ընդգծել է Չինաստանի ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱԽՏՀ երկրների ղեկավարների 32-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ինչպես հայտարարել է Սի Ծինփինը, Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է բաց քաղաքականությանը և մշտապես կստեղծի նոր հնարավորություններ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի զարգացման համար։

Անդրադառնալով Աֆրիկայի երկրների հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են լիովին ազատել մաքսատուրքերից Աֆրիկայի այն  երկրներից ներմուծվող բոլոր ապրանքները, որոնք դիվանագիտական ​​հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: