
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային «Միավորված ազգային շուկա, արդար մրցակցություն ապագայի համար» ֆորումի պլենար նիստում ներկայացրել է ԵԱՏՀ-ի կողմից մրցակցության քաղաքականության արդիականացմանն ուղղված քայլերը և առանձնացրել ՉԺՀ հետ ոլորտային համագործակցության կարևոր ուղղությունները։
Իր ելույթում Երմոլովիչն ընդգծել է, որ վերջին շրջանում ԵԱՏՀ-ն սկսել է պրակտիկ երկխոսություն ՉԺՀ-ի շուկայի կանոնակարգման պետական վարչության հետ՝ նպաստելով փոխադարձ փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը:
«Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների ռազմավարական գործընկերն է: Մեր գործընկերությունը զարգանում է՝ հարմարվելով ժամանակի մարտահրավերներին և պահպանում ամրություն ու խորություն»,- նշել է նա ու հավելել, որ վերջին տարիներին ամրապնդվել է փոխգործակցությունը օրենսդրական նորարարությունների, իրավակիրառման և մրցակցության պաշտպանության ոլորտներում:
Կոլեգիայի անդամն անդրադարձել է նաև մրցակցության ոլորտի մի շարք նախաձեռնություններին, այդ թվում՝ ոլորտային ուսումնասիրություններին և բիզնես համայնքի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորել միջազգային համագործակցության դերը՝ ապահովելու մրցակցային բարենպաստ միջավայր: