Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հա...

Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է «լուրջ հետևանքներով» այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչն արդեն երկրոդն օրն է, նավարկում է Հարավչինական ծովի վիճելի Պարասելյան կղզիների շուրջ: Ըստ Պեկինի՝ դա խախտում է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Չինաստանը հայտարարել է, որ մարտի 24-ին իր նավատորմը և օդուժն ամերիկյան USS Milius հրթիռային նավին ստիպել են հեռանալ, երբ վերջինս մոտեցել է Պարասելյան կղզիներին: ԱՄՆ զինվորականները հերքել են այս հայտարարությունը:

Ըստ Associated Press-ի՝ այսօր ամերիկյան ռազմանավը դարձյալ նավարկել է կղզիների մերձակայքում: Կղզիները գտնվում են Չինաստանի տիրապետության տակ, դրանց հավակնում են նաև Թայվանը և Վիետնամը:

Ըստ ամերիկյյան 7-րդ նավատորմի խոսնակ Լուկա Բակիչի տարածած հայտարարության՝ «Հարավչինական ծովում Չինաստանի պահանջները լուրջ վտանգ են ներկայացնում ծովերի ազատության, այդ թվում՝ նավարկության և թռիչքների ազատության, ազատ և անարգել առևտրի, ինչպես նաև Հարավչինական ծովի ափամերձ երկրների տնտեսական հնարավորությունների ազատության համար»:

Ի պատասխան՝ Չինաստանի ազգային պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է իր գործողություններով «Հարավչինական ծովում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու մեջ»: Ըստ նախարարության խոսնակ Թան Քեֆեյի՝ Չինաստանը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար:

Ինչպես երեկվա հայտարարությունում, այսօր ևս Պեկինը նշել է, որ չինական ուժերն ամերիկյան նավին ստիպել են հեռանալ կղզիներից:

Բակիչն իր հերթին հայտնել է, որ նավին չեն ստիպել հեռանալ, այն շարունակել է իրականացնել իր հերթական անվտանգային գործողությունները միջազգային ջրերում՝ Պարասելյան կղզիների մոտ իր առաքելությունն ավարտելուց հետո:

Associated Press-ը հիշեցնում է, որ ամերիկյան ուժերը Հարավչինական ծովում ներկա են ավելի քան մեկ դար և ամեն օր գործողություններ են իրականացնում: Չինաստանը պարբերաբար վրդովմունք է հայտնում դրա առթիվ: