
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Սի Ծինփինի հետ նեղ և ընդլայնված կազմերով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է պահպանելու ռազմավարական փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցությունը Պեկինի հետ:
Իր հերթին, Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և Ռուսաստանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը դարձել է միջպետական բարեկամական կապերի օրինակ։
«Չին-ռուսական հարաբերությունները դիմացել են միջազգային կույունկտուրայի փորձությանը և ծառայում են որպես հավերժական բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխագործակցության, փոխշահավետ համագործակցության միջպետական հարաբերությունների օրինակ», - ասել է նա։
Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ տանելու ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը։
«Մենք պատրաստ ենք աջակցելու միմյանց ազգային զարգացման և բարգավաճման գործում, անսասանորեն պաշտպանելու միջազգային արդարությունն ու հավասարությունը, առաջ տանելու համաշխարհային կառավարման ավելի արդար, ռացիոնալ համակարգի ձևավորումը», - ասել է նա։
Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը հիմնական հաղթող երկրներն են այդ պատերազմում։
Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 3-ը գտնվում է Չինաստանում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի ղեկավարը որպես գլխավոր հյուր ներկա կլինի Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Սեպտեմբերի 3-ին Պեկինում տեղի կունենա մեծամասշտաբ զորահանդես: