
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։
«Չինաստանը հաստատակամորեն հերքում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները, իրավասությունների ընդլայնումը և հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև», - ասել է Լյու Պենյույը։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության ներսում օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ և օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին, հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։
Պենյույն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր նաև, որ Չինաստանը պատրաստ է առևտրային պատերազմի Միացյալ Նահանգների հետ, բայց նաև բաց է մնում բանակցությունների համար:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։
«Ինձ համար հաճելի չէր, որ Հնդկաստանը նավթ է գնում, և այսօր նա (խմբ․ - Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի։ Սա մեծ քայլ է։ Հիմա մենք պատրաստվում ենք հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել էր Թրամփը։