Չի լինի, չի լինի․ Փաշինյանը ծաղրում է ռուսներ...

Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականությունն անխուսափելիորեն վատթարացրել է հայ-ռուսական հարաբերությունները։ Բանն ի վերջո հասավ նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանից իր երկիր արտահանվող ապրանքների նկատմամբ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակի շարունակման դեպքում Հայաստանին տնտեսական կոլապս է սպասվում։

Որքան էլ իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, թե անհանգստանալու առիթ չկա, Փաշինյանի հրապարակային խոսքը մատնում է իշխանության վախերը։ Հունիսի 25-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը, պատասխանելով ԵԱՏՄ արտահանումներին առնչվող հարցին և ՀԱՊԿ-ի հետ արվող համեմատությանը, հիշեցրել է, որ կառույցի գործունեությունը նշանակում է ապրանքների, աշխատուժի և ֆինանսների ազատ շրջանառություն։ Եթե սա չկա, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն, կարծում է վարչապետը։ Նրա խոսքով՝ խնդիրներ կարող են լինել մեկ-երկու ամիս, բայց եթե դրանք շարունակվում են արդեն չորրորդ ամիսը, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա։

«Եթե չկա, բա մենք ի՞նչ անենք։ Դե, չկա՝ չկա»,– քմծիծաղով նշել է Փաշինյանը՝ իր խոսքն ավարտելով փողոցային հարցումների ժամանակ հայտնի մի կիսախելագարի խոսքերով. «Չի լինի, չի լինի»։

Կիսախելագարի մտքի «գոհարներին» հղում անելով՝ Փաշինյանը ցույց է տալիս իր անլուրջ, ինչու չէ՝ նաև կիսախելագար մոտեցումը երկրին սպառնացող լրջագույն խնդիրներին։ Իսկ ԵԱՏՄ-ի չլինելու կամ լուծարվելու մասին հայտարարելը նշանակում է, որ նա չի գիտակցում, թե իր խոսքով ինչ նոր խնդիրներ է ավելացնում Հայաստանի համար։

Փաշինյանը ԵԱՏՄ ստեղծողը կամ լուծարողը չէ։ Նա իր քաղաքական գործունեության ընթացքում լուծարման է հասցրել ընդամենը մեկ պետական միավոր՝ Արցախի Հանրապետությունը։ Իսկ նման վարքագծով աղետալի վտանգ է կախում Հայաստանի գլխին։ Այո՛, անձամբ ինքը կարող է պլստալ, բայց պետությունը դժվար թե կարողանա պլստալ իր ստեղծած խնդիրներից։