Չեխիայում 72,9 հազար կրոնից (մոտ 2,7 հազար եվրո) մինչև 194,4 հազար կրոն (մոտ 7,5 հազար եվրո) ֆինանսական օգնություն կստանան սեպտեմբերյան ջրհեղեղից առավել տուժած ընտանիքները։ Այս մասին հայտնում է Novinky լրատվական պորտալը։
Բնական աղետից առավել տուժած ընտանիքներին ֆինանսական օգնության վճարումը հաստատվել է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) կողմից։ Գործող օրենսդրության համապատասխան փոփոխությունները սենատորները կատարել են արագացված կարգով։ Առաջիկա օրերին, ըստ պորտալի, երկրի նախագահ Պիտեր Պավելը պետք է ստորագրի փաստաթուղթը, իսկ հաջորդ շաբաթ դրանք ուժի մեջ կմտնեն։
Սեպտեմբերի երկրորդ կեսին Չեխիայում տեղի ունեցած ջրհեղեղի զոհ է դարձել վեց մարդ։ Մոտ 20 հազար քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Բնական աղետի ընդհանուր վնասը կկազմի միլիարդավոր դոլարներ, հայտնում են չեխական լրատվամիջոցները։ Դրա ճշգրիտ չափը պետք է որոշվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Հեղեղումների դեմ պայքարի համար չնախատեսված միջոցներ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կտրուկ աճել են պետական բյուջեի ծախսերը։ 2024 թվականի պետբյուջեի դեֆիցիտը ավելացել է 30 միլիարդ կրոնով (մոտ 1,17 միլիարդ եվրո)՝ մինչև 282 միլիարդ կրոն (մոտ 12 միլիարդ եվրո):