Ճապոնիայում վարչապետի գրասենյակի դեմ հարձակու...

Երկրի իշխանությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Կաձուհիկո Աոկին՝ մեկնաբանելով վարչապետի գրասենյակի դեմ հարձակումը։

«Միջադեպը տեղի է ունեցել ընտրարշավի ընթացքում։ Ընտրությունները դեմոկրատիայի հիմքն են, որը բռնություն չի հանդուրժում։ Բայց ամենագլխավորը մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է»,- նշել է նա, ընդգծելով, որ ոստիկանությանը կարգադրվել է ողջ երկրում ապահովել առավելագույն անվտանգություն։ Նա, սակայն, չի մեկնաբանել միջադեպի հանգամանքները։

Հոկտեմբերի 19-ին տղամարդն իր մեքենայով հարվածել է Ճապոնիայի վարչապետի նստավայրի պատնեշին, իսկ դրանից առաջ Մոլոտովի կոկտեյլներ նետել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնատեղիի ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել։ Առկա տեղեկատվությամբ՝ 49-ամյա Ացունոբու Ուսուտան, որին բռնել էին տեղում,  դեմ էր ԱԷԿ-ի վերագործարկման քաղաքականությանը, որը կանգնեցվել էր «Ֆուկուսիմա-1-ի» վթարից հետո, ինչպես նաեւ փորձում էր հասնել դրամական գրավի չեղարկմանը թեկնածության առաջադրման համար խորհրդարանական ընտրություններում։ Այդ գումարը թեկնածուին չի վերադարձվում, եթե նա որոշակի քանակությամբ ձայներ չի հավաքում։ Ուսուտան մի անգամ փորձել է առաջադրել իր թեկնածությունը Սայտամա պրեֆեկտուրայում, բայց հետո որոշել է չառաջադրվել։

Վարչապետի նստավայրի դեմ հարձակումը տեղի է ունեցել ընտրարշավի թեժ պահին խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին։ ԼԴԿ գլխավոր քարտուղար Հիրոսի Մորիյամայի խոսքով՝ կուսակցությունը կշարունակի ընտրարշավն ըստ ժամանակացույցի։ Երկրի վարչապետը՝ ԼԴԿ նախագահ Սիգերու Իսիբան, հայտնել է, որ դեմոկրատիան չպետք է տրվի բռնության, եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել բնակչության անվտանգության ապահովման համար։ Սահմանադրա-դեմոկրատական կուսակցության նախագահ Յոսիհիկո Նոդան զայրացուցիչ է անվանել բռնության սպառնալիքները կուսակցությունների կենտրոնատեղիների եւ վարչապետի նստավայրի դեմ։