Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի, որի արտահերթ ընտրությունները կայացան հոկտեմբերի 27-ին, պատգամավորները կընտրեն նոր վարչապետի։ Ֆավորիտ է մնում գործող վարչապետ Սիգերու Իսիբան, որը հոկտեմբերին կազմակերպեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ցրելով ստորին պալատն այն բանից հետո, երբ ընտրվեց կառավարող կուսակցության նախագահ եւ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։
Նա այդ քայլով հույս ուներ համախմբել կառավարող դաշինքի դիրքերը իր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, սակայն ընտրությունների արդյունքներով կառավարող կոալիցիան ոչ միայն չպահպանեց դիրքերը խորհրդարանում, այլեւ կորցրեց տեղերի մեծամասնությունը։ Այժմ փաստացի մեծամասնությունն այնտեղ պատկանում է ընդդիմադիր կուսակցություններին, սակայն, ի տարբերություն կառավարող կոալիցիայի, նրանց միջեւ միասնություն չկա։
465 պատգամավոր ունեցող ստորին պալատը կքվեարկի այն թեկնածուների օգտին, որոնց կառաջադրի յուրաքանչյուր կուսակցություն։ Իսիբիայի հիմնական մրցակիցը կդառնա գլխավոր ընդդիմադիր Պահպանողական-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Յոսիհիկո Նոդան։ Քվեարկության ինտրիգն այն է, թե ում կաջակցեն փոքր ընդդիմադիր կուսակցությունները՝ Իսիբայի՞ն, թե՞ Նոդային։ Տեղի դիտորդները համակարծիք են այն հարցում, որ լիբերալ-դեմոկրատներին Իսիբայի գլխավորությամբ հաջողվել է ձեռք բերել Ճապոնիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անուղղակի աջակցությունը, որն անցած ընտրությունների արդյունքներով ամրագրել է 28 տեղ։ Այդ կուսակցության պատգամավորները, ինչպես սպասվում է, կքվեարկեն իրենց նախագահ Յուտիրո Տամակիի օգտին՝ ուղիղ Իսիբային չաջակցելով, բայց եւ անհրաժեշտ ձայներ չտալով Նոդային։