
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN 2025 ցուցահանդեսին, «Օսակա ԷՔՍՊՈ»-ին ՀՀ մասնակցությանը, որը նոր հնարավորություն կստեղծի գործարար կապերի ամրապնդման համար:
ԱԺ փոխխոսնակն ուրախությամբ փաստել է, որ Ճապոնիայում հունիսի մեկին պաշտոնապես կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` վստահություն հայտնելով, որ այն կծառայի ճապոնացի հազարավոր պատանիների վերապատրաստմանն ու նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում:
Սեկի Յոշիհիրոն կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում:
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հարցերի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ եւ հանդիպման ավարտին գործընկերոջը հրավիրել Հայաստան:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: