
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան պատրաստ է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու ճապոնական կողմի դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ։ Այս մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտնել է՝ խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։«Մենք մշտապես տարբեր մակարդակներով բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, ես անձամբ կբանակցեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն այդ հարցում դեռ ոչինչ որոշված չէ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ պատրաստ է «հնարավորինս արագ» այցելել ԱՄՆ։Իսիբան եւս մեկ անգամ ափսոսանք է հայտնել, որ ճապոնական կողմը չի ազատվել մաքսատուրքերից՝ խոստանալով, որ երկրի իշխանությունները կշարունակեն համոզել ամերիկյան կողմին։ Ճապոնիայի վարչապետն ավելացրել է, որ իր երկիրը «անազնիվ ոչինչ չի անում» Միացյալ Նահանգների հետ առեւտրում, եւ դա պետք է հստակորեն փոխանցվի ԱՄՆ-ին։Ավելի վաղ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը Իսիբան ընդգծել էր, որ նախապատրաստվում է Թրամփի հետ բանակցությունների անցկացումը հեռախոսով։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը նշել է, որ կփորձի ուղղակիորեն բանակցել ԱՄՆ նախագահի հետ ճապոնական կողմին նոր մաքսատուրքերից ազատելու շուրջ։ Մինչ այդ ճապոնական կողմը տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ԱԳՆ ղեկավարը, փորձում էր համոզել Սպիտակ տանը Ճապոնիային ազատել տուրքերից, հատկապես մեքենաների համար, սակայն այդ փորձերն արդյունք չեն տվել։