Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման համար։
«Այս քայլը հնարավորություն կտա շարունակական և համակարգված ձևով զարգացնել օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը, բարձրացնել տվյալների որակի վերահսկողությունը, ամրապնդել կանխատեսումների հուսալիությունը և ապահովել առողջ ու կայուն միջավայրի ձևավորումը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Համբարձում Մաթևոսյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։
Նա հավելել է, որ պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին արդեն ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայան, և Ճապոնիայի կառավարության այս դրամաշնորհը կարևոր շարունակություն է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։



