
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
«Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով ամեն ջանք գործադրելու մտադրությունից՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագիրը», - ասել է նա։ Տոկիոյի սահմանափակող միջոցները ներառում են նաև հյուսիսկորեական նավերի, ինչպես նաև նախկինում այդ երկրի նավահանգիստներ այցելած նավերի ճապոնական նավահանգիստներ մուտքի արգելքը:
Հյուսիսային Կորեայի դեմ ճապոնական պատժամիջոցները սահմանվել են 2006 թվականին և այժմ երկարացվել են մինչև 2027 թվականի ապրիլ։ Փհենյանն ու Տոկիոն չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ Ճապոնիայի դիրքորոշման պատճառով նրանց միջև ուղղակի տրանսպորտային կապ չկա։