Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավ...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում լրագրողի հետ ունեցած միջադեպի գործով կալանավորվելուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով եւ պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել միջադեպի ժամանակ։

«Իշխանական լրատվամիջոցները միջադեպը վերնագրել են «Լեւոն Քոչարյանի ախրանիկի եւ լրագրողի միջեւ», ես դրան շատ անդրադարձ չեմ կատարի։ Ամենայն հարգանքով այդ աշխատանքի նկատմամբ, բայց ես ոչ թիկնապահ եմ, ոչ էլ առավել եւս «ախրանիկ»։ Այո, նման միջադեպ տեղի է ունեցել իմ եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ»,- նշեց նա։

Արթուր Սուքոյանի խոսքով՝ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որն իր համար անընդունելի է եղել․

«Ես իրեն այդ ամենը փորձում էի բացատրել։ Ես նրան տեսա ԱԺ բակում, եւ սկսեցի ասել, որ երբ թիրախավորում են եկեղեցին եւ արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու քրիստոնյա անընդունելի է, եւ որպես հայ ես իմ պարտքն եմ համարում եկեղեցու մեջքին լինել։ Նրան ասացի՝ այն մարդը, որը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն եւ հոգեւորականներին, դա բարոյազուրկ պրոցես է, ինչին ի պատասխան նույն մեղադրանքը իմ նկատմամբ հնչեց, ինչին ի պատասխան ես նրան մեկ անգամ հարվածել եմ ու նա ընկել է գետնին։ Ես նրան գետնին ընկած վիճակում չեմ հարվածել, չեմ մոտեցել, նա ոտքի կանգնեց, սկսեց ինչ-որ բաներ բղավել, բայց սադրանքներին չեմ տրվել, նա վեր կացավ ու ասում էր՝ ես քեզ չեմ կպել, ես քեզ ի՞նչ եմ ասել, ասացի՝ դու իմ եկեղեցուն ես կպել, ավել էլ ո՞նց կպնես։ Ես կողմ չէի հարվածելուն, բայց երբ մարդիկ անցնում են կարմիր գծերը, դա ինձ համար այսօր շատ ցավոտ է, չափազանց ցավալի է, որ այսօր թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին»։