Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Մելիքգյուղ համայնքի բնակիչները պահանջում էին վերանորոգել գյուղի ճանապարհները.
«Խնդիրն այն է, որ գործի գալ-գնալուց պետք է 2000 դրամ ծախսես, բայց հիմա ծախսվում է 10 հազար դրամ, որովհետև ամեն շաբաթվա վերջում տանում ես վարպետի մոտ, որ սարքի: Աշխատածը հիմնականում դրվում է ավտոմեքենաների վրա»,- նշել էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Politik.am-ին համայնքի ղեկավար Դերենիկ Շահբազյանը հայտնեց, որ ճանապարհների նորոգման համար դեռ մեկ տարին չի լրացել, ինչ մոտավոր հաշվարկներ են արել և մարզպետարանի հետ պայմանավորվածության եկել:
«Չգիտեմ ինչ պատճառով մինչև օրս կառավարությունը ծրագիրը չի հաստատել, աշխատանքներ չեն կատարել: Համայնքի ճանապարները շատ վատ վիճակումն են: Այդ մասին մարզպետն էլ գիտի, վարչապետն էլ: Վերջինս երբ եկել էր նախընտրական արշավի, խոստացավ, որ ճանապարհները կասֆալտապատի»:
Համայնքապետը տեղեկացրեց, որ հորդորել է կառավարություն չգնալ, մինչև ինքը կխոսի մարզպետի հետ, սակայն մի քանիսը իրեն չեն լսել:
«Հուսով ենք` խնդիր կլուծվի, քանի որ այս ճանապարհներն անանցանելի են: Ընդամենը 6 կմ ճանապարը 5-10 րոպեի փոխարեն կես ժամում ենք անցնում», -անփոփեց համայնքապետը:



