Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքը պատրաստ է...

Հարեւան երկրների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումն Իրանի առաջնահերթություններից է։ Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովի շրջանակում՝ Իրանի և ԵԱՏՄ համագործակցությանը նվիրված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը։

Նրա խոսքով, դրա համար օգտագործվում են բոլոր տեսակի գործիքներ։ Նախարարը կարևորել է լոգիստիկայի զարգացումը և նշել ֆինանսական մեխանիզմների կողմից դրված սահմանափակումները։ Նախարարն ընդգծել է ազատ տնտեսական գոտու ստեղծման կարևորությունը՝ հավելելով, որ բազմաթիվ իրանցի ձեռներեցներ ցույց են տվել իրենց պատրաստակամությունը՝ ներկա գտնվելու ԵԱՏՄ շուկաներում։

Նախարարն ասել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է երկուսուկես անգամ։ Ըստ նրա՝ ցուցանիշը լավ է, բայց հեռու է երկու երկրների ղեկավարների կողմից դրված նպատակներից՝ 3 մլրդ դոլար, ապրանքաշրջանառության ներկա մակարդակը չի բավարարում ո՛չ Իրանի, ո՛չ Հայաստանի շահերին, և անհրաժեշտ է ապահովել, որ երկրներն ավելի լավ իմանան միմյանց շուկաները: «Մյուս կողմից, մեր համագործակցությունը, մասնավորապես ներդրումները, անսահմանափակ են»,- ասաց նախարարը։

Խոսելով լոգիստիկայի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ Իրանն ունի կարևոր լոգիստիկա, մասնավորապես՝ Չաբահար նավահանգիստը, և Իրանը լիովին աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նախարարի խոսքով՝ նավահանգստային ենթակառուցվածքը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ բոլոր երկրների հետ։ Նախարարը նաև նշել է տարանցիկ փոխադրումների մասին օրենսդրության վերանայման անհրաժեշտությունը։